Շիրակի մարզի Բասեն համայնքում բացվել է Հայաստանում իր տեսակի մեջ եզակի արևային տաքացուցիչներով աշխատող ջերմոց։ NEWS.am-ի հետ զրույցում Բասենի համայնքապետ Համլետ Պետրոսյանն ասաց, որ «Գլոբալ էկոլոգիական» հիմնադրամի հովանավորմամբ և համայնքի բնակչության համաֆինանսավորմամբ իրականացված ծրագիրը Բասեն համայնքը վերածել է այլընտրանքային էներգիան լայնորեն օգտագործող համայնքի։
«Սա շատ կարևոր ու արդիական է հիմա, երբ օրակարգային են էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները. ոչ միայն ստանում ենք գրեթե ձրի հոսանք ու օգտագործում տնտեսական նպատակների համար, այլ նաև ապահովում ենք գրեթե քառասուն տոկոս էներգախնայում համայնքում»,– ասաց համայնքապետ Համլետ Պետրոսյանը։
Համայնքապետի խոսքով` ջերմոցը պատրաստ է եղել գործարկման դեռ անցած տարվանից, սակայն բացումը տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 12-ին։
«Ջերմոցը փորձնական գործարկել ենք անցած տարի, որպեսզի հասկանայինք` արդյոք ծրագիրը կիրականանա հօգուտ մեզ թե ոչ։ Արդյունքում ունեցանք մեծ ծավալի օգուտներ, և բացումը արեցինք այս տարվա օգոստոսի 12-ին»,- հավելեց Համլետ Պետրոսյանը։
Նոր արևային տաքացուցիչներով աշխատող ջերմոցում աճող վարունգն ու լոլիկը տրամադրվում են գյուղի մանկապարտեզին, որը նաեւ ստացվող արեւային էներգիայի շնորհիվ` համակարգի գործարկումից ի վեր մոտ կես միլիոն դրամի խնայողություն է արել հոսանքի օգտագործման մասով:
Բասենի համայնքապետը նաև նշեց, որ տեսնելով ծրագրի արդյունավետությունը` համայնքի տասնյակ բնակիչներ ևս իրենց տների տանիքներին տեղադրել են արևային տաքացուցիչներ։





























