Օգոստոսի 14-ին` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել ՔԿ հիմնարկի հսկիչ-հետքային գոտին, որի սահմանանիշի հատվածում հայտնաբերել են մեկ հատ 0,5 լիտր տարողությամբ թափանցիկ տարա` պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 4 փաթեթներով:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, թե առաջին փաթեթում առկա էր 2,7 գրամ քաշով սեւ կոշտ, յուրահատուկ հոտով զանգված, երկրորդում` 0,9 գրամ քաշով 6 կլոր դեղահաբ, երրորդում` 6,3 գրամ մանրացված բուսական զանգված եւ 6 գրամ դարչնագույն բուսական զանգված, իսկ չորորդում` 1,8 գրամ դարչնագույն չորացված եւ մանրացված զանգված:

Նույն օրը` ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Կ. Հ.-ին հասցեագրված, վերջինիս մոր կողմից բերված հանձնուքում, հայտնաբերել եւ առգրավել են շաքարավազի հետ խառնած սպիտակ փոշիացված կասկածելի զանգված, ընդհանուրը` 503,5 գրամ քաշով:

Վերոբերյալ զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:

Փաստերի առթիվ կատարվում է հետաքննություն: