Կուբացի հեղափոխական Չե Գեւարային գնդակահարելուց հետո ցանկացել են գլուխը կտրել որպես նրա մահվան ապացույց։ Այդ մասին պատմել է ԿՀՎ-ի նախկին գործակալ Ֆելիքս Ռոդրիգեսը լատվիական Baltkom ռադիոկայանին տված հարցազրույցում։
Ռոդրիգեսի խոսքով, ինքը եկել է այնտեղ, որտեղ գնդակահարության հաջորդ օրը պահել են Չե Գեւարայի մարմինը։ Բոլիվիայի բանակի գերագույն հրամանատար գեներալ Օվանդո Կանդիան հայտարարել է, որ Չէ Գեւարայի մահվան անհերքելի ապացույցներ են պետք այն դեպքի համար, եթե Կաստրոն սկսի հերքել, թե սպանվածը նա է։ Եվ առաջարկել է կտրել գլուխը։
Ռոդրիգեսն առաջարկել է հեղափոխականի մի մատը կտրել․ «Նրա մի մատը կտրեք, մենք տիրապետում ենք արգենտինական ոստիկանության մատնահետքերի բազային», ասել է նա։ Ի վերջո Կանդիան հրամայել է կտրել ձեռքերը։ Հետագայում ձեռքերը հասցվել են Կուբա, որտեղ պահվում են Հավանայի Հեղափոխության հրապարակին հարակից շենքերից մեկում։ Կաստրոն ձեռքերը ցուցադրում էր միայն ամենաբարձրաստիճան հյուրերին։
Ֆելիքս Ռոդրիգեսը նաեւ պատմել է, որ ինքը դիտավորյալ է փչացրել այն լուսանկարը, որտեղ կոմանդանտեն ծիծաղում է մահապատժից մի քանի րոպե առաջ։
Էռնեստո Չէ Գեւարայի ջոկատը ջախջախվել էր 1967 թվի հոկտեմբերի 8-ին՝ Բոլիվիայում, որտեղ Չէ Գեւարան գերի էր ընկել եւ գնդակահարվել։





























