Մարտունիի բժշկական կենտրոնի բժիշկ Վիկտոր Սահակյանը մեղադրվում է ծառայությանը ոչ պիտանի նորակոչիկ Կարեն Ավետիսյանին ոչ պատշաճ զննելու եւ հիվանդությունը չհայտնաբերելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մարտունիի զինկոմիսարիատը ժամկետոյին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կապակցությամբ համապատասխան բժշկական հետազոտությունների ենթարկվելու նպատակով անցած տարվա մարտին Մարտունիի բժշկական կենտրոն է ուղեգրել Կարեն Ավետիսյանին: Վերջինիս ներքին օրգանների սոնոգրաֆիկ հետազոտության ենթարկելու ժամանակ Վիկտոր Սահակյանն անփույթ վերաբերմունք է դրսեւորել: Նա ոչ պատշաճ կերպով է իրականացրել իր պարտականությունները եւ չի հայտնաբերել Կարեն Ավետիսյանի մոտ առկա պարտադիր զինվորական ծառայույան համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմք հանդիսացող «Լյարդի 8-րդ սեգմենտի կրակալված էկինոկոկկային կիստա» հիվանդությունը:
Այնուհետեւ Վիկտոր Սահակյանը զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովին տրամադրել է տեղեկանք այն մասին, որ Կարեն Ավետիսյանի ներքին օրգաններում որեւէ առանձնահատկություներ եւ պաթոլոգիկ գոյացումներ չեն հայտնաբերվել, ինչի հիման վրա էլ Կարեն Ավետիսյանը հանձնաժողովի կողմից ճանաչվել է զինծառայության համար պիտանի եւ զորակոչվել է բանակ:
Վիկտոր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:





























