Բանակում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամ դարձած Սամվել Ավետիսյանի բուժման համար օգոստոսի 16-ին կազմակերպված դրամահավաքին մի քանի ժամվա ընթացքում հավաքվել է 670.670 հազար դրամ: Այս մասին այսօր՝օգոստոսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Ավետիսյանի կինը՝ Էմմա Եղիազարյանը՝ հավելելով, որ դրամահավաքը Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել է «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը, այն տևել է ժամը 17:00-23։00-ն:
Սամվել Ավետիսյանի` Գերմանիայում բուժման համար պակասում է 1.5 մլն դրամ, որը նախատեսվում է սեպտեմբերին հավաքվել մեկ այլ դրամահավաքի միջոցով, որից անմիջապես հետո Սամվելը կմեկնի Գերմանիա` բուժման։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ բանակում ողնաշարի հատվածում հրազենային վնասվածք ստացած արդեն 3 տարի անվասայլակին գամված 22-ամյա Սամվել Ավետիսյանի՝ Գերմանիայում բուժման համար անհրաժեշտ է 10,000 եվրո։ Մի քանի դրամահավաքների արդյունքում հավաքվել է գումարի մեծ մասը, մնացել է մոտ 3,5 հազար դոլար։ Նշենք, որ այս գումարը անհրաժեշտ է նախնական ստուգումների, ճանապարհածախսի ու Գերմանիայում մնալու համար, որից հետո Սամվել Ավետիսյանի բուժման ծախսերը կհոգա «Կարմիր խաչը»:





























