Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ վարչությունների, զորակոչային հանձնաժողովի ներկայացուցիչներ եւ առողջապահության ոլորտի պատասխանատուներ:

Բացման  խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարեւորել է իրականացված աշխատանքների վերլուծությունը՝ նկատված թերությունները վեր հանելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու եւ հաջորդ զորակոչին ավելի բարձր մակարդակով  նախապատրաստվելու նպատակով:

Հանդիպման ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը: Զեկույցում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ամառային զորակոչի թե դրական միտումները, եւ թե որոշակի բացթողումները: Անդրադարձ է եղել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների եւ բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, զորակոչիկների բուժզննման եւ կանխարգելիչ պատվաստման խնդիրներին:

Քննարկվել են հայտնաբերված իրավախախտումներին ու հանցագործություններին, զորակոչից խուսափողների նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմանը, ինչպես նաեւ գործընթացին առնչվող այլ հարցեր: Արձանագրվել է, որ ամառային զորակոչի պլանը գերակատարվել է, էապես նվազել են կոռուպցիոն դեպքերը, իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է եղել ամրապնդել զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունը:

Երիտասարդների բուժհետազոտության, կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքերի կազմակերպման, ուսման նպատակով տարկետում ստանալու, զորակոչից խուսափողներին արագ հայտնաբերելու եւ հարակից մի շարք այլ հարցերի առնչությամբ հնչել են նաեւ որոշակի առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը, պաշտպանության նախարարը օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացրեց հանդիպման մասնակիցներին՝ եւս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրելով հաջորդ զորակոչի շրջանակում նախատեսվող գործընթացների ճիշտ ու անթերի կազմակերպման վրա եւ դրանց կատարման ուղղությամբ տվեց համապատասխան հանձնարարականներ: