Հայաստանի կառավարությունը հաստատել է Հնդկաստանում գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշները, որոնց բավարարման դեպքում միայն դրանց արտադրանքը կարող է ներմուծվել Հայաստան:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրի օգոստոսի 19-ին կայացած նիստում հաստատվել է նաեւ Հնդկաստանում Հայաստան արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ սննդի անվտանգության գծով ներկայացուցչի գործունեության կարգը։ Սահմանվել է, որ գոմեշի միս արտադրող կազմակերպությունները պետք է ունենան մսամթերքի արտադրության ոչ պակաս, քան 10 տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս եւ սառցարան, համապատասխանեն մի շարք այլ չափանիշների։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ դեռեւս 2009-ի օգոստոսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Հնդկաստանից Հայաստան է ներկրվում առողջության համար վտանգավոր գոմեշի միս։ Դրանից հետո Հնդկաստան էր գործուղվել աշխատանքային հատուկ խումբ, որի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ Հնդկաստանում արտահանման ոլորտը կարգավորող համապատասխան մարմնի կողմից գոմեշի մսի արտահանման սերտիֆիկատները տրամադրվում են միս արտադրող եւ վերամշակող բոլոր կազմակերպություններին (գրանցված են մոտ 280 կազմակեպություն), եւ դրանցից ոչ բոլորն են գործում ըստ ISO ստանդարտների պահանջների եւ ոչ բոլոր կազմակերպություններում է ներդրված HACCP համակարգը: Հնդկական կազմակերպությունների մեծ մասը հնարավորություն չունի կամ չի ապահովում արտադրության ընթացքում տարրական հիգիենիայի եւ սննդի արտադրության անվտանգության նորմաները:
Միաժամանակ՝ Հնդկաստանում արտադրված մսի Հայաստան ներմուծման դեպքում ՀՀ մաքսային սահմանի վրա լիարժեք լաբորատոր փորձաքննության հնարավորություն ներկայումս չկա, հետեւաբար՝ մսեղիքի նմուշների փորձաքննությունը պետք է պատվիրվի արտերկրում գործող լաբորատորիաներում։




























