ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը 5 բալանոց համակարգով գնահատում է 2: «Կիսատ-պռատ քաղաքականությունը չի կարող առաջընթաց ապահովել: Կառավարությունը պետք է վերանայի իր մոտեցումները, արդյունավետ քաղաքականություն իրականացնի, ոչ թե ամրագոտիներ ձգելով զբաղվի»,- «Դյուպլեքս» ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավորը եւ նկատեց, որ իրենք դեռ նախորդ տարվա վերջում էին խոսում համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, բայց վարչապետ Տիգրան Սարգսյանն ամեն կերպ հերքում էր դա: «Հարկավոր է յուրաքանչյուրին լսել եւ եզրակացություններ անել»,- նկատեց պատգամավորը եւ հավելեց, որ վարչապետը խելացի բան էր ասում, որ պետք է խրախուսել պահանջարկը, բայց այդ ուղղությամբ որեւէ շարժ չկա: Ըստ Մինասյանի՝ գումարը տվեցին արտադրողներին, օրինակ՝ շինարարությանը, բայց «արդյո՞ք կա պահանջարկ, ու գումար ունեցող, որ գնեն այդ բնակարանները»:

Մինասյանը մեկ օրինակ ներկայացրեց, թե ինչպես է կառավարությունը պայքարում ճգնաժամի դեմ: Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում հողը գերնորմատիվ է, շատ է ջուր պահանջում, իսկ կառավարությունը որոշել է որ հավասար բաշխում պետք է արվի, եւ գյուղացիները կանգնած են սնանկացման եզրին:

Մինասյանը նաեւ իրատեսական չի համարում տարեվերջին տնետսության անկման 15 տոկոս կանխատեսումը: «Հայաստանի տնտեսությունը կախված է ՌԴ-ից, իսկ այնտեղ ճգնաժամի 2-րդ ալիքն է գալիս»,- նկատեց Արծվիկ Մինասյանը՝ տնտեսության մոտ 20 տոկոս անկում կանխատեսելով: