Forbes հանդեսը ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային համարել է կոմերցիոն առումով աշխարհի ամենահաջողակ մարզուհին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Վերջին մեկ տարում 23-ամյա մարզուհին հոնորարներից, մրցանակային հիմնադրամներից եւ իր անունը որպես «բրենդ» օգտագործելու շնորհիվ վաստակել է 24,5 միլիոն դոլար:

Միայն Nike-ի հետ այս տարի 8 տարով ստորագրած պայմանագիրը Շարապովային կբերի 70 միլիոն դոլար: Բացի այդ նա գովազդում է այնպիսի հայտնի ֆիրմաներ, ինչպիսիք են Canon-ը, Prince-ը, Tiffany-ն, Tag Heuer-ը եւ Land Rover-ը:

Forbes-ը նշում է, որ «աստղերի» վաստակած գումարի մեծությունը, շատ հաճախ քիչ կապ ունի նրանց մարզական հաջողությունների հետ:

Սպորտի ամենաթանկ «թագուհիների» եռյակում են նաեւ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը, որոնց ունեցվածքը վերջին մեկ տարում ավելացել է 20,2 եւ 15,4 միլիոն դոլարով:

Ցուցակում են նաեւ մրցավազորդուհի Դենիկա Պատրիկը, գեղասահքի օլիմպիական չեմպիոն Կիմ Յու Նան, գոլֆիստուհի Անիկա Սորենսթեմը, Պոլա Կրեմերը, Լորենա Աչոան:

Այդուհանդերձ, կանանց համար ամենաեկամտաբեր սպորտաձեւը թենիսն է: