Վենետիկի հանձնաժողովը շարունակում է պնդել, որ երկփուլ ընտրությունների դրույթը պետք է տեղափոխել Ընտրական օրենսգիրք: Այսօր՝ օգոստոսի 25-ին, ԵՊՀ-ում ընթացող հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց Վենետիկի հանձնաժողովի անդամներից, թե որքանով է արդարացված երկփուլ ընտրությունների դրույթը:
«Խոսքը 89-րդ հոդվածի 4-րդ կետի մասին է՝ երկրորդ փուլ եւ կայուն մեծամասնություն, որը բոլորիս մտահոգության տիրույթում է: Ինչպե՞ս է հնարավոր հանել այդ մտահոգությունը, որ մեկ քաղաքական ուժ կարող է ունենալ քաղաքական մենաշնորհ եւ ի վերջո, մոտ 5 ժամ տեւած քննարկումների արդյունքում կոնսենսուսի եկե՞լ եք, թե՞ ոչ»,- ասաց նա:
Վենետիկի հանձնաժողովի անդամները հայտարարեցին, թե իրենց տեսակետն այս հարցի շուրջ պարզ է եւ ի սկզբանե փոփոխության չի ենթարկել: Այնուամենայնիվ, նրանք կողմ են քաղաքական կայունությանը:
«Պետք է կարողանալ նաեւ ստեղծել այդ կայունությունը: Մեր կարծիքով՝ քաղաքական կայունությունը Սահմանադրության փոփոխության կարեւորագույն նպատակներից մեկը պետք է լինի: Ամեն դեպքում, խորհուրդ ենք տալիս այս դրույթը տեղափոխել Ընտրական օրենսգիրք եւ կարգավորել այդպես»,- ասացին հանձնաժողովի անդամները:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում ընթանում է Վենետիկի հանձնաժողովի անդամների հանդիպումը քաղաքական ուժերի հետ: Ներկա են խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում բարեփոխումների դեմ արտահայտվող ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»:




























