Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2009թ. առաջին 7 ամիսների տվյալներով Հայաստանի տնտեսական անկումը կազմել է 18,5 տոկոս:

Առաջին 7 ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 1 417 մլրդ դրամ։ Ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում` կազմելով 55.5 տոկոս, արդյունաբերության ոլորտը նվազել է 12 տոկոսով, գյուղատնտեսությունը 2.1 տոկոսով, ծառայությունները` 0,5 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 32.7 տոկոսով եւ կազմել 2 013 մլն դոլար։ Ընդ որում, ավելի շատ նվազել է արտահանումը՝ 44.5 տոկոս եւ կազմել 352 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 29.5 տոկոսով եւ կազմել 1 միլիարդ 661 մլն դոլար: Արտաքին առեւտրաշրջանառությունը նվազել է 32.7 տոկոսով:

Գնաճը տարեկան կտրվածքով կազմել է 2,7 տոկոս, միջին անվանական աշխատավարձը՝ 98 583 դրամ, տարեկան աճը` 12.1տոկոս: Աճել է նաեւ պաշտոնական գործազրկության մակարդակը 11,1 տոկոսով եւ կազմել է 84.7 հազար մարդ։

ԱՄՆ դոլարի ննկատմամբ դրամի միջին փոխարժեքը կազմել է 350.51 դրամ։

Ի դեպ, Հայաստանում հուլիսին տնտեսության մեջ աճ է արձանագրվել, ինչը կապված է գյուղատնտեսական աշխատանքների սեզոնային բնույթի հետ: