Վենետիկի հանձնաժողովը ընդամենը հետեւում է, որ իր կարծիքն արտացոլվի սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստում, եւ առկա տեքստը համապատասխանի եվրոպական չափանիշներին:  Այդ մասին օգոստոսի 25-ի մամլո ասուլիսին հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը (Ավստրիա):

«Քաղաքական բանավեճերում երբեմն փորձում են Հանձնաժողովն որպես գործիք օգտագործել: Մենք մտադիր չենք մասնակցել քաղաքական առեւտրին»,-ընդգծել է Քրիստոֆ Գրաբենվարտերը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Վենետիկի հանձնաժողովը մտահոգված է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հրապարակված տեքստով, Քրիստոֆ Գրաբենվարտերը նշել է. «Երեկ մենք հանդիպել ենք նախագահիա եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Բոլոր հանդիպումները ցույց են տալիս, որ մեր աշխատանքն անցնելու է բավականին թեժ մթնոլորտում, որովհետեւ բազմաթիվ տարաձայնություններ կան: Բայց մեր նպատակը տարբերվում է այն նպատակից, որ հետապնդում են քաղաքական ուժերը»։