ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը դրական է գնահատում  Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների հետ: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ողջունելի է, որ հանձնաժողովը հանդիպեց տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ և լսեց նրանց դիրքորոշումը ՀՀ սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ:

Կարինե Աճեմյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում որոշ ընդդիմադիր քաղաքական ուժեր սխալ հարցադրումներ են արել, որոնք վերաբերել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

«Կարծում եմ`  որոշ ընդդիմադիր ուժերի հարցերը չէին վերաբերում կոնկրետ Վենետիկի հանձնաժողովի անդամներին, որովհետև այդ հարցերը ներքաղաքական էին, այս հանձնաժողովը չի կենտրոնանում ներքաղաքական իրավիճակի վրա, այլ միայն իրավաբանական ոլորտի, այսինքն` փաստաթղթի համապատասխանությունն են ստուգում»,-ասաց նա՝ հավելելով, որ հանձնաժողովն իր իրավասության շրջանակում պատասխանեց պատգամավորների և ՀԿ ներկայացուցիչների բոլոր հարցերին:

Ամփոփելով հանդիպումից իր ընդհանուր տպավորությունը հանձնաժողովի դիրքորոշման վերաբերյալ` Կարինե Աճեմյանը նաև նշեց, որ հանձնաժողովի կարծիքը ՀՀ սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական էր, հանձնաժողովի ներկայացուցիչներն ընդգծել են, որ այն հիմնականում համապատասխանում է եվրոպական չափանիշներին` որոշակի վերապահումներով, որոնք նրանք քննարկել են ՀՀ ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանում այսօր՝ օգոստոսի 25-ին, տեղի է ունեցել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկել է ՀՀ սահմանադրության նոր նախագիծը: Այն տևել է երկու ժամ, որի ընթացքում քաղաքական ուժերի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել հանձնաժողովի անդամներին: Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանական բոլոր ուժերը: