Վենետիկի հանձնաժողովի անդամներն ասել են, որ պատվեր են կատարում, իսկ պատվիրատուն Հայաստանն է, եւ դա պետք է նկատի ունենալ։ Այդ մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովն ընդամենը խորհրդատվական մարմին է։ «Նրանք ասում են, թե ցանկացած հարցում պետք է հաշվի առնել տվյալ երկրի, ժողովրդի քաղաքական արժեքները, այսինքն՝ որոշողը մենք ենք»,- ասել է Հակոբյանը։
Հարցին, թե որքանով է սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագիծը բավարարում «Ժառանգություն» կուսակցությանը, պատգամավորը պատասխանել է, թե վարչությունում դեռ չեն քննարկել այդ հարցը։ «Ես կարող եմ իմ սեփական կարծիքն ասել։ Մենք ներկայացրել ենք երեք հարց՝ անցում համամասնական ընտրակարգին, խորհրդարանական ընդդիմությանը լծակների տրամադրում եւ արտահերթ ընտրությունների անցկացում։ Ըստ էության, երկու հարցն ընդգրկված են նախագծում»,- ասել է Հակոբյանը։ Նա չշտապեց «այո» կամ «ոչ» ասել նախագծին, քանի որ, իր կարծիքով, դա ինքնանպատակ չպետք է լինի։
Արդյոք կուսակցությունը պատրաստ է մասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, եթե հրավեր լինի, հարցին էլ Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, դա պետք է որոշի վարչությունը։ Մենք այդ հարցը կտանք կուսակցության ղեկավարին»։




























