Վենետիկի հանձնաժողովի այցը Հայաստան խորհրդատվական էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ հանձնաժողովի անդամների հետ հանդիպումներն օգտակար են եղել:
Նրա խոսքով՝ բազմաթիվ հարցեր են քննարկվել Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ: Դիտարկմանը, թե Վենետիկի հանձնաժողովը քաղաքական ուժերի հետ հանդիպմանը նորից ընդգծեց, որ երկփուլ ընտրությունների դրույթը պետք է տեղափոխել Ընտրական օրենսգիրք, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հիմնական թեման ոչ թե փոխելն է, այլ թե ինչ աստիճան ճկունություն թույլ կտանք Ընտրական օրենսգրքում»:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամների հայտարարությանը, թե Հայաստանում պետք է թույլատրել նույնասեռ ամուսնությունները, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ընդգծեց, որ հանդիպումների ժամանակ նման հարց չի քննարկվել, նման հարցադրում հանձնաժողովի կողմից չի եղել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին երկօրյա այցով Հայաստան են ժամանել Վենետիկի հանձնաժողովի անդամները, որոնք հանդիպումներ են ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Սպասվում է, որ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում կսկսվեն քննարկումները: ԱԺ նախագահի խոսքով՝ աշնան վերջին արդեն նախատեսվում է հանրաքվեն:





























