Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ամփոփվել են Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կատարված աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՅԴ-ական Արսեն Համբարձումյանը, որը նույնպես այսօր՝ օգոստոսի 26-ին, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ հանդիպել է նախագահի հետ:
«Այդ թվում քննարկել ենք՝ ՀՅԴ-ի կողմից արված առաջարկություններն ինչքանով են ընդունվել: Մեր առաջ քաշած բոլոր հիմնական սկզբունքային հարցերն իրենց արտացումը գտել են Սահմանադրության նոր նախագծում: Իհարկե, կան առաջարկություններ, որոնք խմբագրական բնույթի, դրանք կներկայացնենք ԱԺ»,- ասաց նա:
ՀՅԴ-ականի խոսքով՝ որոշակի անդրադարձ եղել է նաեւ երկփուլ ընտրությունների դրույթին: Այնուամենայնիվ, ՀՅԴ-ն այս դրույթի վերաբերյալ չունի այնպիսի մտահոգություններ, ինչպիսիք որ ունեն որոշ քաղաքական ուժեր:
Նշենք, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 26-ին սկսել է քաղաքական խորհդրակցությունները քաղաքական ուժերի հետ՝ կապված Սահմանադրական բարեփոխումների հետ: Նախագահն արդեն հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Սպասվում է, որ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում կսկսվեն քննարկումները: ԱԺ նախագահի խոսքով՝ աշնան վերջին արդեն նախատեսվում է հանրաքվեն:





























