Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախագծի շատ հոդվածներ չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին: Այդ մասին օգոստոսի  27-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը: 

«Չեմ կարծում, թե ժողովրդի առաջ կանգնած խնդիրները պիտի լուծվեն սահմանադրական բարեփոխումների միջոցով: Դրանց պատճառները քաղաքական են», - ընդգծել է Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու գործընթացում շտապողականություն կա, եւ դա դատապարտման է արժանի: «Սահմանադրությունը այնպիսի փաստաթուղթ է, որը պիտի հանգիստ վիճակում ընդունվի: Սահմանադրությունն ընդամենը իրավական փաստաթուղթ չէ, այն խորը հոգեբանական փաստաթուղթ է», - ավելացրել է Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով Հայաստանի քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վենետիկի հանձնաժողովի անդամների հանդիպումներին` Լարիսա Ալավերդյանը նշել է. «Վենետիկի հանձնաժողովի անդամների պատասխանները ավելի քան համաչափ էին: Միայն մի բան է կասկած հարուցում. անգլերեն տեքստը համապատասխանո՞ւմ է արդյոք եվրոպական չափանիշներին: Ես նայում եմ հայերեն տեքստը, համեմատում եմ եւ տեսնում, որ շատ ձեւակերպումներ անփույթ են արված»: