Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների 160 ընտանիքներից միայն 12-ն է նոր բնակարանների սեփականության վկայականները ստացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ֆիրդուսիի նախկին բնակչուհի Ռուզաննա Կարապետյանը։
«Մոտ 150 ընտանիք դեռ դրսում է։ 160 ընտանիք էր դրսում մնացել, մի քանիսն են ստացել նոր բնակարանների սեփականության վկայականները։ Վերանորոգված բնակարաններ են տրվել, ամեն ինչ արված է, բոլորը գոհ են»,-ասաց Ռուզաննա Կարապետյանը, որը հույս ունի՝ իրեն նույնպես պատրաստի բնակարան կտրամադրեն, թեկուզ՝ չվերանորոգված։
Ռուզաննա Կարապետյանի խոսքով՝ գերակա շահ ճանաչված բնակարանների դիմաց դրամական փոխհատուցման առաջին փուլը կմեկնարկի սեպտեմբերից, սակայն, նրա խոսքով, ճշգրիտ օր չի նշվել։
«Համենայն դեպս, ես շատ հույս ունեմ, որ մեր խնդիրը 8 տարի սպասելուց հետո, ի վերջո կլուծվի։ Ես մի տեսակ հավատում եմ, որ մեր հարցը կլուծվի։ Վարչապետին դիմելուց հետո ինչ-որ շարժ կա։ Տա Աստված, իսկապես լինի»,-ասաց նա։
Ըստ տիկնոջ՝ «Գլենդել Հիլզը» վճարել է նաեւ վարձակալությամբ ապրող բնակիչների վարձավճարները։
Ընկերությունը նաեւ խոստացել է չվերանորոգված պատրաստի բնակարաններ հանձնելու դեպքում տրամադրել նաեւ շինանյութ բնակարանների կոսմետիկ վերանորոգման համար։
Նշենք, որ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները հուլիսի 13-ին հանդիպում էին ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը խոստացել էր հետամուտ լինել նրան խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն ուշացումներով:





























