Հայաստանի համար ռուսական գազի գնի շուրջ բանակցությունների հիմքում ընկած է եղել հետեւյալ սկզբունքը. մի կողմից կանխել Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցությունը, իսկ մյուս կողմից «Գազպրոմի» դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիային» հնարավորություն տալ կատարել գազամատակարարման համակարգի անխափան ու հուսալի շահագործման համար անհրաժեշտ աշխատանքները։ 165 դոլարը օպտիմալ գին է, որը թույլ է տալիս լուծել 2 խնդիրն էլ։ Այս մասին «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրեն Վարդան Հարությունյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու սահմանին վաճառվող գազի գնի նվազեցումը չի անդրադարձել սակագնի վրա։

Նրա խոսքով՝ այդ գինն առաջին հերթին թույլ կտա փոխհատուցել այն ֆինանսական կորուստները, որոնք «Գազպրոմ Արմենիան» կրում է Հայաստանի շուկայում արտարժույթի տատանումների պատճառով։ «Երկրորդ հերթին՝ մեր ընկերությունը լուրջ ներդրումային ծրագրեր է իրականացրել գազային ոլորտում։ Ակնհայտ է, որ բոլոր այդ նրբությունները պետք է ազդեին սակագնի վրա։ Այլ կերպ ասած՝ ընկերությունը ստիպված էր լինելու դիմել ՀԾԿՀ-ին սակագնի վերանայման համար, եթե սահմանին գազի գինը չնվազեր միչեւ 165 դոլար։ Դրանով էլ բացատրվում է այն, որ բազային արժեքի նվազումը չի հանգեցրել վերջնական սպառողին մատակարարվող գազի սակագնի նվազեցմանը»,- ասել է նա։

Հարությունյանը նաեւ նշել է, որ առաջին անգամ ընկերությունը տարին շահույթով փակելու հնարավորություն ունի։ «Այո, նախկինում ընկերությունը նույնպես երբեմն աշխատում էր շահույթով, բայց դա հիմնականում փոխարժեքի տատանումների շնորհիվ, այլ ոչ թե արտադրական գործունեության։ Իսկ հիմա մենք հույս ունենք եկամուտ ստանալ որպես առեւտրային կազմակերպություն։ Թեպետ սա ընդամենը կանխատեսում է, շատ  բան կախված է արժույթի շուկայում տիրող իրավիճակից։

Ես չեմ հասկանում, թե ինչու են մեզ մեղադրում շահույթ հետապնդելու մեջ։ Մեր ընկերությունը առեւտրային է, եւ ես չգիտեմ որեւէ ներդրողի, որը չձգտեր շահույթի։ Առհասարակ խոշոր բիզնեսը տնտեսության շարժիչ ուժն է, եւ բնականաբար նրա շահութաբերությունից է կախված երկրի տնտեսական զարգացումը»,- նշել է Հարությունյանը։

Այն դիտարկմանը, որ շատերին հուզում է հարցը, թե ինչպե՞ս է ստացվել, որ, ստանալով էժան գազ, հայ սպառողը ավելի շատ է վճարում, քան օրինակ ուկրաինացի սպառողը, Հարությունյանը պատասխանեց. «Ինձ ծանոթ են այդ հավակնությունները։ Բայց դրանցում հաշվի չի առնվում այն  հանգամանքը, որ Ուկրաինան սեփական գազն ունի։ Ուկրաինան գազարդյունահանող երկիր է։ Կամ եթե բերում եք Բելառուսի օրինակը, ապա հիշեք, որ Բելառուսը նավթարդյունաբերող եւ տարանցիկ պետություն է։ Այդ առավելությունների հաշվին Բելառուսում սակագները սուբսիդավորվում են պետության կողմից։ Նույնը վերաբերում է Վրաստանին, որը գազի տրանզիտից եկամուտ է ստանում եւ կարող է դրա հաշվին սուբսիդավորել ներքին սակագները։ Մեր երկիրը նման հնարավորություններ չունի։

Նրանք, ովքեր նման հավակնություններ են ներկայացնում, հաշվի չեն առնում, որ գազափոխադրիչ համակարգը վաղուց չի վերանորոգվել եւ շահագործման համար լուրջ ծախսեր է պահանջում։ Այս տարիներին բոլոր ներդրումները կատարվել են գազաբաշխիչ ցանցի համար։

Իսկ մեր գազափոխադրիչ համակարգը ձգվում է 1 6888 կմ, որի 10 տոկոսը կառուցվել է կես դար առաջ։ 10-20 տարուց այդ համակարգը արդեն չի կարող շահագործվել, եւ անգամ ամենաէժան գնով մենք չենք կարող գազը հասցնել սպառողին։ ԱՅդ պատճառով էլ մոդերնիզացումը անհրաժեշտ է, իսկ դրա ծախսերը չեն կարող չներառվել սակագնի մեջ»։