Թուրքիայի Անթալիա քաղաքում ազգայնամոլ շրջանակները բողոքի ցույց են իրականացրել ընդդեմ քրդերի, որի ժամանակ հարձակվել են ավտոբուսի կանգառում տրանսպորտի սպասող մի տղամարդու վրա։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Անթալիայում թուրք ազգայնամոլական խմբավորումները բողոքի ակցիաներ են արել ընդդեմ քուրդ բնակչության։ Բողոքի ցույցի ընթացքում ցուցարարներից 10 հոգանոց մի խումբ հարձակվել են կանգառում սպասող եւ քրդի արտաքին ունեցող մի տղամարդու վրա եւ սկսել են ծեծել։
Քաղաքացիական մի ոստիկան մի կերպ կարողացել է ծեծվողին ազատել ազգայնամոլների ձեռքից եւ ցույց տալ նրա անձնագիրը, որում գրված է եղել Բուրդուր (թուրքաբնակ քաղաք-խմբ)։ Իր հերթին ծեծվողը բղավել է, որ ինքը «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ է։ Ավելի ուշ ծեծվածը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ բողոքում է իրեն ծեծողների դեմ։





























