Գեղարքունիքում սեպտեմբերի 5-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով վիրավորված մայոր Սեւակ Գասպարյանը գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ նշելով, որ Սեւակ Գասպարյանի վիճակը կայուն ծանր է:
«Այժմ նա արհեստական շնչառության ապարատին է միացված, վիճակը կայուն ծանր է»,-ասաց Շուշան Հունանյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի մոտ տեղի ունեցած վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, կապիտան Տարոն Սեդրակյանը տեղում մահացել է, մայոր Գրիգոր Սահակյանը եւ ենթասպա Գեւորգ Վարդանյանը մահացել են քիչ անց՝ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում:
Զինծառայողներ՝ մայոր Սեւակ Տիգրանի Գասպարյանը եւ կրտսեր սերժանտ Հարություն Հրանտի Միրզոյանը տեղափոխվել են Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:





























