Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում անցած տարվա դեկտեմբերին դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած՝ 12-րդ դասարանի աշակերտ 17-ամյա Տիգրան Գեւորգյանը Իսրայելում տեսողության վերականգման կուրս է անցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրանի մայրը՝ Արմինե Ղաբուզյանը՝ նշելով, որ Տիգրանի մոտ դրական փոփոխություն կա:

«Դեռեւս վերականգնողական փուլում է, տեսողության հետ խնդիրներ ունի, շատ քիչ է տեսնում: Իսրայելից վերադառնալուց հետո սկսել է շատ քիչ տեսնել, գույները, լույսը, մութը ինչ-որ չափով տարբերում է, սակայն ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում: Այժմ իսրայելցի բժիշկների հսկողության տակ է, 1 տարի պետք է այդ բուժումներն անցնի»,-ասաց մայրը:

Արմինե Ղաբուզյանը նշեց, որ գործով դատաքննությունը սկսվել է, սակայն նիստերն անընդհատ հետաձգվում են. «Հիմա արձակուրդների շրջան է, դատական նիստերն անընդհատ հետաձգվում են, ոչ մի փոփոխություն չկա: Սեպտեմբերի 4-ին էր նախորդ նիստը, էլի հետաձգվեց, հիմա էլ պետք է ամսի 15-ին կայանա»,-ասաց Արմինե Ղաբուզյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ. դեկտեմբերի 2-ին Վանաձորի Գեւորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում վիճաբանություն էր տեղի ունեցել, 17-ամյա Տիգրան Գեւորգյանը եւ 17-ամյա Ռոբերտ Պ.-ն դանակահարվել էին: Նույն օրը երեկոյան 17-ամյա Նարեկ Ա.-ն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է դանակով հարվածել Տիգրանին եւ Ռոբերտին:

Նարեկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է: