Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից քրդերի դեմ թշնամանք ու ատելություն սերմանող հայտարարություններից եւ այդ խոսքերը իշխանամետ մամուլում տեղադրվելուց հետո Թուրքիայի ամբողջ տարածքում հարձակումներ են սկսվել քուրդ բնակչության, քրդերին պատկանող խանութների եւ քրդական կուսակցության գրասենյակների դեմ։

Բուրսա. Բուրսայի Գեմլիքի շրջանում ազգայնամոլականների 300-հոգանոց խումբը սոցցանցերի միջոցով հավաքվել եւ հարձակվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության վրա։ «Մահ քրդերին»,-գոչել են ազգայնամոլները։

Իզմիր. Իզմիրի Մենդերեսի շրջանի HDP-ի գրասենյակի դեմ քարերով ու մահակներով հարձակում են իրականացրել քազգայնամոլները՝ կոտրելով գրասենյակի պատուհանները եւ ջարդելով գրասենյակի գույքը։

Բալըքեսիր. Բալըքեսիրի Էդրեմիթի շրջանում էլ ազգայնամոլները Թուրքիայի դրոշներով հարձակվել են HDP-ի գրասենյակի վրա եւ փորձել հրդեհել այն։ Դեպքի վայր մեկնած հրշեջները կանխել են հրդեհի տարածումը։

Դենիզլի. Դենիզլիի Չնարի թաղամասում գտնվող HDP-ի գրասենյակը ենթարկվել է քարերով եւ մահակներով հարձակման։ Ազգայնամոլները կոտրել են գրասենյակի պատունները եւ գրասենյակից կախել Թուրքիայի դրոշը։

Մերսին. Մերսինի ազգայնամոլական շրջանակները հավաքվել են ու ոստիկանների լուռ հայացքի ներքո հարձակվել քաղաքի կենտրոնում գտնվող HDP-ի գրասենյակի դեմ։ Աչքի է ընկել այն հանգամանքը, որ ազգայնամոլները նաեւ վնասում են քրդերին պատկանող խանութները, սակայն ոստիկանները կրկին չեն միջամտել։

Սելեվկիայում, Մեզիթլիում, Տարսոնում, Հաթայում, Անթալիայում, Ադանայում, Մալաթիայում, Այդընում, Յալօվայում, Քոջաէլիում, Արտվինում, Անկարայում եւ այլ քաղաքներում եւս HDP-ի գրասենյակների եւ քրդերին պատկանող խանութների դեմ հարձակումներ են տեղի ունեցել։