Վերջին օրերին Վանաձորում ակտիվացել են բողոքի ակցիաները, որի մասնակիցները` «Վանաձոր-Քիմպրոմ» գործարանի աշխատակիցները, պահանջում են իրենց ութ ամսվա աշխատավարձերը։ Վանաձորցիներն արդեն սկսել են ծայրահեղ միջոցների դիմել` փորձել են ավտոճանապարհ փակել, արգելափակել գործարանի մուտքը։ Գործարանում ստեղծված ճգնաժամի եւ հետագա ճակատագրի մասին NEWS.am–ը զրուցել է գործարանի գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովի հետ։

Պարոն Սնեգիրյով, ինչպես եք պատրաստվում լուծել աշխատավարձերի խնդիրը, որն է ստեղծված իրավիճակի պատճառը։

Սեփականատիրոջ հարցը շատ բարդ ա` ծանր հիվանդ ա: Հիմա որոշում են հանում` ով պտի էս գործարանի շարունակությունը տանի: Ես գեներալնի դիրեկտոր եմ, բայց ես վարձու մարդ եմ: Ճիշտ հասկացեք սիտուացիան: Էսօր մեր հաշիվները լրիվ փակ ա, կալանքի տակ ա, սնանկության մի քանի հատ գործ կա գործարանի վրա… Դրա համար պետք ա որոշում ընդունեն,  տենան` ինչ  ա վերջը ըլնելու… Ես չեմ մեղավոր, որ էդ փողը չկա։  Հա, ես իմ գործի բնույթով պետք ա ստորագրեմ էդ պայմանագիրը, որ էդ մարդուն վաղը մյուս օրը մի բան ըլնի, մենք հարցերը կարենանք կարգավորենք: Իրանց հարցերը շատ հեշտ կարգավորվող հարց ա : Եղբայր, դատարան կա, գնացեք էս գործերը տվեք դատի, ձեր փողերը ստացեք: Օրինական ձևը դա ա, ոչ թե գոռգոռալ, փողոց փակել, մարզպետին հաթաթա տալ, կառավարության վրա գոռալ…

Ո՞վ է գործարանի սեփականատերը:

Սեփականատերը առաջ Ռուսաստանի ներկայացուցիչ էր, հիմա չկա այդ սեփականատերը: Ասում եմ Ձեզ, շատ վատ վիճակում ա ինքը: Ես իրա հետ չեմ կարողանում կապվել մոտ կես տարի ա: Բայց կառավարությունում գիտեն էս պրոբլեմները, մենք մեկ-մեկ խոսում ենք մարզպետի հետ և ինչ–որ որոշում իրենք պետք է գտնեն սրան:

Վերջին քննարկումից ի՞նչ է պարզ դարձել:

Ասեցին, որ մինչև սեպտեմբերի 20-25-ը կարող է մեզ ինչ որ քայլեր առաջարկեն, թե ինչ ենք անելու: Դրանից հետո կտեսնենք: Էս անորոշ վիճակը էս մի տարի ա` կախած ա: Էն ժամանակ, երբ ես ուզում էի ժողովրդին կրճատեի, մեծ քանակի կրճատումներ անեի դեկտեմբերին, ասեցին՝ սպասեք, տեսնենք` ինչ ա լինում էս սեփականատիրոջ հարցը, նոր… Ինձ կառավարությունից ասել են, որ մինչև ամսի 25-ը մի պադերժկա կլինի, տեսնենք:

Այժմ քանի՞ մարդ է աշխատում «Վանաձոր-Քիմպրոմում»:

Մոտ 200 մարդ ա աշխատում: 80 տոկոսը ախրանան ա: 150 հեկտար տերիտորիա ա էս գործարանը: Հունվարին 630 մարդ ա եղել: Տարվա ընթացքում մոտ 400-ով պակասել է աշխատողների թիվը:

Որքա՞ն է կազմում ընկերության պարտքը աշխատավարձերի ու այլ մասերով:

8-9 ամսվա աշխատավարձ ա պարտք: Մեծ պարտքեր կան բանկերին, Գազպրոմին, էլեկտրոցանցերին, և այլն, և այլն… Աշխատողների աշխատավարձի պարտքը 360 մլն ա: Ընդհանուր առմամբ` 20-25 մլն դոլարի պարտք ունի գործարանը, որը կուտակվել է 7-8 տարվա ընթացքում:

Վերջին շրջանում խոսակցություններ կային վրացիների կողմից գործարանի նկատմամբ հետաքրքրվածության մասին:

Գործարանը վերագործարկելու մի հույս կա. մոտ 100 մլն դոլար ա ստեղ պետք ներդնել, որ էս գործարանը սկսի նորմալ աշխատել: Մենք ի՞նչ ենք ուզում: 64 թվի սարքավորումներով 2015 թվին… էլի արեցինք, էլի ստացանք, բայց դա հնարավոր բան չի: Այ, եթե գտնվի մարդ, ով մեծ գումար կտա, էդ ժամանակ էս գործարանը կաշխատի:

Զրուցեց Գայանե Սարգսյանը