2010 թվականի ընթացքում ռուսական կողմն իրականացնելու է «Հարավկովկասյան երկաթուղիների» կողմից ստանձնած ներդրումային ծրագիրն ամբողջությամբ: Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, հավելելով, որ նախորդ 2 տարիների ընթացքում կար մի փոքր ծավալների կրճատում եւ ծրագիրը կոնցեսիոն ներդրումային մասով չէր կատարվում։
«Ռուսական կողմը պարտավորություն էր ստանձնել, որ 2010 թվականին նրանք կկատարեն ներդրումային ողջ ծրագիրը։ Առաջինը ուշադրություն է դարձվելու շարժակազմի բարելավման գործընթացին, որպեսզի մեր քաղաքացիները զգան, որ կա իրական բարելավում։ Իհարկե, կարեւոր է նաեւ ճանապարհների որակի բարձրացումը, որի հետեւանքով կավելանա ուղեւորափոխադրումների արագությունը, ինչը նույնպես շատ կարեւոր է։ Եվ երրորդը կառավարման նոր մոդելի ներդրումն է, որը կբարձրացնի կառավարման արդյունավետությունը, որպեսզի տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրներ չառաջանան, որպեսզի մեր քաղաքացիների համար հասանելի լինի շարժակազմը»,- նշել է Տ. Սարգսյանը:


























