Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Հանրապետության 32, Ֆիրդուսի 33 թաղամասի, Կոնդ թաղամասերի եւ Բյուզանդ փողոցի բնակիչները նստացույց կանեն, եթե Կառավարությունը իրենց օտարված բնակարանների փոխհատուցման վերջնական ժամկետ չտա:
NEWS.am-ի հետ զրույցում Հանրապետության 32 հասցեի նախկին բնակիչ Նունե Կարապետյանը նշեց, որ ինքը երեկ եղել է Գլենդել Հիլզի գրասենյակում, սակայն տնօրեն Էդիկ Մելիքյանը իրեն չի ընդունել:
«Հաշմանդամ երեխայիս ձեռքը բռնած գնացի գրասենյակ, սակայն տնօրենն ինձ չընդունեց, գոռգոռալով դուրս հրավիրեց՝ ասելով, որ ոչ մի փոխհատուցում չեն տալու: Ինձ արդեն հինգ տարի է՝ տնից հանել են, քանդել են մեր շենքը՝ խոստանալով, որ Կենտրոնում նոր շենք են կառուցելու, սակայն արդեն 6-րդ տարին է լրանում ոչ բնակարան են տվել, ոչ էլ խոստացված բնակարանը, ավելին՝ մեր վարձակալած տների վարձերը չեն վճարում»,- վրդովված ասաց կինը:
Նշենք, որ Ֆիրդուսի 33-րդ թաղամասի բնակիչները հուլիսի 13-ին հանդիպում էին ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը խոստացել էր հետամուտ լինել նրան խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն ուշացումներով:




























