Իջեւանի քաղաքապետի թեկնածու Վարուժան Ներսիսյանը համոզված է, որ համացանցում տարածված՝ իրեն վարկաբեկող տեսանյութերի հետեւում կանգնած է գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վարդան Ղալումյանը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարուժան Ներսիսյանը նշեց, որ ինքն ազնիվ ճանապարհով է իրականացնում քարոզարշավը, մինչդեռ մյուս թեկնածուն՝ ոչ:

«Ես իմ քարոզչությունն անցկացնում եմ բոլոր քաղաքակիրթ միջոցներով: Ցավոք սրտի, մյուս կողմը անձնավորված տարբեր մեթոդների է դիմում: Համոզված եմ, որ այս տեսանյութերի հետեւում կանգնած է Վարդան Ղալումյանը: Եթե ոչ ինքը, ապա իր համախոհներից մեկը»,- ասաց Ներսիսյանը՝ նշելով, որ ինքն ու իր համախոհները երբեք նման քայլի չէին դիմի:

Վարուժան Ներսիսյանը նշեց, որ ինքն անձամբ այդ տեսանյութերը չի դիտել, որովհետեւ ինքը միշտ քննադատել է նման երեւույթները:

Հարցի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ նաեւ Վարդան Ղալումյանից, սակայն վերջինս այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Իջեւանում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու: Թեկնածուները երկուսն են՝ նախկին ԲՀԿ-ական Վարդան Ղալումյանը, որին այժմ աջակցում է ՀՀԿ-ն, եւ ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը: