Ժամանակն է, որ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող Ղազախստանն ու Ղրղզստանը գիտակցեն, որ Հայաստանի սահմանի սպառնալիքը պետք է դիտարկվի նաեւ որպես ՀԱՊԿ շահերի սպառնալիք։

Այս մասին սեպտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում հատուկ կարգ է գործում այն մասին, թե որ դեպքերում կազմակերպությունը կարող է միջամտել այս կամ այն իրավիճակին։ Պատգամավորը պարզաբանեց, որ սկզբում պետությունը, որը զգում է, որ իր շահերին վտանգ է սպառնում, պետք է դիմի կազմակերպությանը եւ հիմնավորի, որ այդ սպառնալիքին պատասխանելն անհրաժեշտություն է։ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ սահմանին իրավիճակը սրվել է, բայց նա այդ մասին առանձին կխոսի Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»,- հիշեցրեց Խոսրով Հարությունյանը։

Նա հավելեց, որ այսօր ՀԱՊԿ երեք ենթատարածքներից յուրաքանչյուրը կարծես թե անհանգստացած է սեփական խնդիրներով։ «Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի  սահմանի ցանկացած սպառնալիք ընկալվի որպես ՀԱՊԿ շահերի սպառնալիք»,- եզրափակեց Խոսրով Հարությունյանը։