Ադրբեջանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների նախագիծ է ներկայացվել Եվրախորհրդարան։ Նախագծի հեղինակն է Լիբերալ-դեմոկրատական խմբակցությունը։

Ինչպես գրում է haqqin.az-ը, բանաձեւի տեքստը, որը այսօր կքննարկվի, հրապարակվել է Եվրախորհրդարանի կայքում։

Բանաձեւի նախագծում նշվում է, որ Ադրբեջանում բռնաճնշումների աճ է գրանցվել, այդ թվում իրավապաշտպանների եւ լրագրողների դեմ։ Բանաձեւի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է դիտարկի Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մեջ մեղադրվող պաշտոնյաների դեմ Եվրամիության պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Բացի այդ, ԵՄ-ն Ադրբեջանին պետք է կոչ անի չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակելու որոշումը։

21-րդ հոդվածում բանաձեւի հեղինակները ԵՄ երկրներին եւ Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը կոչ են անում հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկել։ «Ներկայիս պայմաններում դիտորդներ ուղարկելը անիմաստ է եւ ծառայում է ընտրությունների լեգիտիմացմանը, որոնք ընթանում են լուրջ իրավախախտումներով»,- ասված է բանաձեւի նախագծում։