Սեպտեմբերի 10-ի առավոտը «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցներն սկսեցին նստացույցով քաղաքի գլխավոր՝ Հայքի հրապարակում: Հավաքվածների խոսքովю բողոքի ակցիայի չորրորդ օրը նստացույցով սկսելն այլևս անհրաժեշտություն է, քանի որ մինչեւ այժմ իրականացված բողոքի ցուցերն ու երթերը արդյունք չեն տալիս:
Նրանք պատրաստ են դիմել ավելի ծայրահեղ քայլերի: «Եթե նստացույցն էլ օգուտ չտվեց, հացադուլ ենք սկսելու»,- ասում են ցուցարարները:
Աշխատակիցներից Դավիթ Հարությունյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ համբերության բաժակը լցվել է, իրենք կարող են դիմել նույնիսկ հանցավոր քայլերի:
«Մենք գործարանի անվտանգությունն ենք առայժմ պահում: Պայթյունավտանգ գործարան է, մենք առայժմ որպես պահակ աշխատում ենք անել այնպես, որ որևէ վտանգավոր բան չկատարվի, բայց մեր համբերության բաժակն էլ սահման ունի, որը թույնով է լցվում:Մենք էստեղ հավաքվել ենք, մեր ձայնը դարձնենք լսելի, որպեսզի կառավարությունն ու Հայաստանի Հանրապետության նախագահը կարողանան հանել իրենց ականջի բամբակը և լսեն մեր ձայնը: Համբերությունը կունենա իր սահմանը, չափը: Եթե դա էլ սպառվեց, իմացեք, որ այստեղ կանգնած բոլոր մարդիկ պոտենցիալ հանցագործներ են: Նրանք կարող են ամեն ինչ էլ անել, ամեն քայլի էլ կդիմեն: Չի կարելի ուրիշի քրտինքը այդպես ազատ ուտել, մարսել ու հեռանալ: Մեր երկիրը, մեր կառավարությունը պարտավոր է կարգավորել էդ հարցը, մեղավորներին պատժել: Մարդիկ կան, որ զայրացած են, կցանկանան թեկուզ և դառնան հանցագործ, ամեն ինչ պայթեցնեն, մի կողմ կանգնեն: Դրան էլ են ընդունակ դառնում արդեն աստիճանաբար»,- ասաց աշխատակից Դավիթ Հարությունյանը:
Ցուցարարները վստահեցնում են, որ շարունակելու են պայքարն այնքան ժամանակ, մինչև ստանան իրենց 8 ամսվա կուտակված աշխատավարձը:




























