Իրաքի հետ Թուրքիայի Հաբուրի անցակետից Թուրքիա մտնել չկարողացող բեռնատարների քուրդ վարորդները փորձել են գետն անցնելով հասնել Ջիզրե, սակայն կրակահերթի տակ են հայտնվել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝  Իրաքից ոչ մի կերպ Թուրքիա մտնել չկարողացող բեռնատարների վարորդները փորձել են սահմանն անցնել Հեզիլ չայ կոչվող գետով։  Ջիզրեում գտնվող իրենց ազգականներին օգնության հասնել ցանկացող վարորդների ուղղությամբ գետն անցնելու ժամանակ թուրք ժանդարմները կրակ են բացել, որի հետեւանքով 4 վարորդ վիրավորվել է։

Վիրավորված վարորդներին տեղափոխել են Իրաքի Զահո քաղաքի հիվանդանոցներից մեկը։

Բեռնատարի վարորդների մի մասին հաջողվել է անցնել Թուրքիայի սահման, սակայն նրանց դեմ դուրս եկած ժանդարմերիայի ջոկատները ստիպել են եկած ճանապարհով հետ մտնել Իրաք։

Վարորդները հայտարարել են, որ իրենք 15 օր է գտնվում են Իրաքում եւ փակ սահմանի պատճառով չեն կարողանում մտնել Թուրքիա եւ հասնել Ջիզրե՝ իրենց ընտանիքներին օգնության։

Նշենք, որ քրդաբնակ Ջիզրեի շրջանում նահանգապետի հրամանով փողոց դուրս գալու արգելք է սահմանվել, որի ընթացքում ոստիկանները կրակում են ցանկացած շարժվող կետի ուղղությամբ։ Մի քանի օրվա ընթացքում սպանվել են 10 խաղաղ բնակիչ։