«Մարգարյանի» հիվանդանոցում կատարված վիրահատությունից 14 օր անց «Էրեբունի» ԲԿ-ում մահացած 39-ամյա Կարինե Աղաբեկյանի հարազատները ոչինչ չգիտեն ընթացող նախաքննության մասին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կնոջ հարազատները նշեցին, որ նույնիսկ տուժողի իրավահաջորդ չեն ճանաչվել:

«Մենք ոչ մի բան չգիտենք, նույնիսկ չեն ասում, թե նախնական տվյալներով՝ ինչից ա մահացել Կարինեն: Առ այսօր քննչական ոչ մի գործողության մասին տեղյակ չենք»,- ասացին հարազատները:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել էր, որ իրենք հետեւողական են լինելու, որ ճշմարտությունը բացահայտվի:

Ավելի վաղ Կարինե Աղաբեկյանի հարազատները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ կնոջ մահվան մեջ մեղավոր են բժիշկները:

«40 րոպեանոց վիրահատությունը կատարեցին 7-8 ժամում, հետո էլ ասին, թե տեղափոխեք «Էրեբունի»: Տեսան, որ էլ չեն կարողանում պայքարել, տեղափոխեցին էնտեղ»,- ասել էին նրա հարազատները:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: