Իհարկե Հայաստանին այդքան էլ դուր չի գալիս, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, բայց հավանաբար դա բիզնեսի եւ առեւտրի հարց է։ Այս մասին BBC-ի Ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին։
«Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք ռազմական ոլորտում եւ համապատասխանաբար Ռուսաստանից գնում եւ ստանում ենք զինամթերք։ Այստեղ ոչ մի նոր բան չկա, իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին եւ այլ երկրներին, նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող պետություն է։ Ռուսաստանն իհարկե շատ ակտիվ է սպառազինությունների շուկայում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը եւ միաժամանակ ընդգծել, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները բացառապես դաշնակցային են։ «Հարաբերությունները դաշնակցային անվանելը նույնպես շատ բան է նշանակում»,- հավելել է արտգործնախարարը։




























