Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ընդմիջվեց մեկնարկից 5 րոպե անց:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացքող դատական նիստն այս անգամ նույնպես մեկնարկեց առանց Հայկ Կյուրեղյանի:

Ամբաստանյալի բացակայությունը, որը դատարանը պարզաբանում է նրա նկատմամբ կիրառված սանկցիայով,  վրդովեցրեց նիստերի դահլիճում հավաքվածներին, նրանք սկսեցին վանկարկել «ամոթ, ամոթ»:

«Ո՞ւր է Հայկ Կյուրեղյանը, կարող ենք դուրս գալ բոլորով, մենակով արեք նիստը»,- գոռալով ասաց նրանցից մեկը:

Դատական նիստը ընդմիջվեց:

Նշենք, որ այսօր, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի Հայկ Կյուրեղյանի գործով դատավճիռը:

Ընդմիջման ժամանակ դատական նիստերի դահլիճը փոխարինվեց ավելի փոքր դահլիճով, ինչն ավելի սրեց հավաքվածների վրդովմունքը: Նրանք դահլիճի փոքր լինելու պատճառով չկարողացան ներս մտնել եւ հավաքվեցին դռան դիմաց՝  բղավելով Հայկ Կյուրեղյանի անունն ու «ամոթ, ամոթ»:

Այս պահին նրանք շարունակում են աղմկել, նրանց հետ նաեւ Հայկ Կյուրեղյանի հայրը, որը հրաժարվում է ներս մտնել այն դեպքու, եթե մյուսները դրսում են մնալու:

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան: