Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներով եւ հարթություններով: Այդ մասին Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House) ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Դժբախտաբար, այս տարի նշվեց ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այլեւ` թուրքական ժխտողականության 100-րդ տարին:

Ես կցանկանայի առանձնահատուկ հիշատակել այս տարի ապրիլին Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի տպավորիչ խոսքերը. «Քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնաքամ անել վերքը առանց վիրակապելու»: Ցեղասպանությունները պատշաճ կերպով չճանաչելը հնարավորություն է ստեղծում նոր ցեղասպանությունների իրականացման համար:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անշրջելի գործընթացը շարունակվում է տարբեր մակարդակներով եւ հարթություններով: Այն ոչ միայն վերահաստատվում է Ցեղասպանությունը ճանաչած երկրների կողմից, այլեւ նորանոր երկրներ են միանում այս գործընթացին: 2014թ. վերջից ի վեր Բոլիվիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Չիլիի, Բրազիլիայի խորհրդարանները հատուկ բանաձեւեր են ընդունել: Նրանց միացել են Եվրախորհրդարանը, Լատինամերիկյան խորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը եւ այլն:

Ես կցանկանայի հատուկ ընդգծել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահի խիզախ հայտարարությունը, որում նա ոչ միայն հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին, այլեւ խոսեց այդ ոճրագործության մեջ Գերմանիայի ունեցած պատասխանատվության բաժնի մասին:

Ցեղասպանության զոհերի հիշատակման օրը Երեւանում ավելի քան 60 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ միացան հայ ժողովրդին՝ կիսելով ոչ միայն մեկ ազգի, այլեւ` ողջ մարդկության ողբերգությունը եւ ցավը:

Սա եւս մեկ կորսված հնարավորություն էր թուրքական ղեկավարության համար, որը հրավիրված էր մասնակցելու հիշատակի այդ միջոցառումներին: Այս կապակցությամբ Հայաստանի Նախագահի կողմից Թուրքիայի ղեկավարին ուղղված՝ Երեւան այցելելու հրավերը անձամբ եմ Անկարայում հանձնել Թուրքիայի Նախագահին: Դա ոչ միայն բաց թողնված հնարավորություն էր, այլ հենց այդ նույն օրը Թուրքիայի ղեկավարությունը կազմակերպեց Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման միջոցառումները՝ ակնհայտորեն ձախողված փորձ կատարելով շեղելու միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից»,- նշել է Նալբանդյանը։