Հայաստանում ուժեղ երկրաշարժերի կանխատեսում չկա: Այս մասին այսօր` սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:

«Հանրապետության տարածքում դիտվում է նորմալ ֆոնային սեյսմիկություն, ուժեղ երկրաշարժի նախապատրաստման տվյալներ, անոմալ երևույթներ սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցում այսօր չունենք»,- ասաց նա։

Հրաչյա Պետրոսյանի խոսքով` Ադրբեջանում գրանցված երկրաշարժերը մեր տարածքի հետ սեյսմատեկտոնական առումով անմիջական կապ չունեն, մեզ մոտ պարզապես ցնցումներն են գրանցվել:

«Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանում տեղի ունեցավ երկրաշարժ, որը զգացվեց Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Էպիկենտրոնում ուժգնությունը 7 բալ է եղել, երեք հետցնցում է գրանցվել`5 բալ ուժգնությամբ: Հայաստանում ցնցումները զգացվել են 3-5 բալ ուժգնությամբ»,- ասաց մասնագետը` ընգծելով, որ նման ուժգնությամբ երկարաշարժ վերջին անգամ եղել է 1999-ին:

Մասնագետ նշեց, որ վերջին չորս տարիներին ուժգին երկրաշարժերի քանակը նվազել է։ Նա ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի` այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Թուքիայում, Իրանում, Ադրբեջանում և Վրաստանում և Ռուսաստանի հարավային հատվածում ընդհանուր առմամբ գրանցել է 644 երկրաշարժ: Դրանցից 117-ը եղել է  Հայաստանում, միայն  հինգն են  զգացվել, մնացածը միայն սարքերն են արձանագրել:

Հրաչյա Պետրոսյանը նաև նշեց, որ թե տարածաշրջանում, թե աշխարհում ամենացնցումային տարին եղել է 2011թ: