Ադրբեջանի դեմ Եվրահանձնաժողովի ընդունած հերթական բանաձեւն ուղղված է երկրի միջազգային հեղինակությանը հարված հասցնելուն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Եվրահանձնաժողովի ընդունած բանաձեւը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր երկրի միջազգային հեղինակությանը հարված հասցնելու փորձ։

Կցանկանայի հիշեցնել, որ Ադրբեջանը Եվրամիության անդամ չէ եւ այդ կառույցի առջեւ ոչ մի պատասխանատվություն չի կրում, ուստի Եվրահանձնաժողովի ընդունած բանաձեւը ընդամենը թղթի կտոր է»,- ասել է Հասանովը եւ ընդգծել, որ փաստաթղթում սուբյեկտիվ դատողություններ են ընդգրկված, որոնք հիմնված են կասկածելի աղբյուրների վրա, եւ դրանք չի կարելի լուրջ ընդունել։

Հասանովը կարծում է, որ միջազգային կազմակերպություններին ուղղված Եվրահանձնաժողովի կոչը՝ դիտորդներ չուղարկել Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ցույց է տալիս, որ այդ կառույցը կորցրել է իրականության զգացումը եւ տարբեր շրջանակների ձեռքում խամաճիկի է վերածվել։

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրահանձնաժողովը Ադրբեջանի դեմ բանաձեւ էր ընդունել, որում քննադատել էր այդ երկրում մարդու իրավունքների եւ խոսքի ազատության դեմ բռնաճնշումները։