«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը կարծում է, որ պատգամավորական մանդատը ստանձնելով՝ հնարավորություն կստանա մասնակցել որոշումներ ընդունելուն եւ սեփական լուման ներդնելու:

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողները Բեքարյանից հետաքրքրվեցին, թե ինչու է նա որոշել վերցնել մանդատը:

«Եթե պասիվ քաղաքացի չես, ինչո՞ւ հրաժարվել եւ չընդունել առաջարկը, դա աննորմալ կլիներ: Իմ օժանդակությունն ու լուման ինչպիսին կլինի, այս պահին չեմ կարող ասել, հետագան ցույց կտա»,- ասաց Կարեն Բեքարյանը:

Նա վստահեցրեց, որ իրենց հասարակական կազմակերպությունում հավաքված են մարդիկ, որոնք անկախ իրենց քաղաքական հայացքներից՝ քննարկում են յուրաքանչյուր հարց:

«Սեպտեմբերի 9-ին եղավ ընդլայնված նիստ, որի ժամանակ որոշվեց, որ ես շարունակելու եմ պաշտոնավարել «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն, բայց լիազորությունների մեծ մասը հանձնվում է կազմակերպության նախագահի տեղակալներին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվել էր արդարադատության նախարար: Նրա փոխարեն սեպտեմբերի 11-ին պատգամավորական մանդատը հանձնվելու է Կարեն Բեքարյանին: