Բելգիայում քաղաքական ապաստան ստացած, ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հաղթանակ տարած ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանը պահանջում է պատժել իրեն 11 տարի առաջ ծեծի ենթարկած՝ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին:
«Ես այն ժամանակ չգիտեի նույնիսկ, որ մի օր ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը կդառնա ոստիկանապետ, կոչումով գեներալ: Ես տրամադրված չեմ նրա դեմ: Ինձ ծեծի ենթարկած մյուս ոստիկաններն այժմ արդեն թոշակի են անցել, բոմժի նման են ապրում, նրանց մեղադրելը կնշանակի Աշոտ Կարապետյանին հանել խաղից, բացի այդ, Կարապետյանn ինձ ամենաշատն է խոշտանգել»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիշա Վիրաբյանը՝ ավելացնելով, որ ծեծից հետո իր առողջությանը զգալի վնասներ են հասցվել:
Գրիշա Վիրաբյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի 2012թ. վճռում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի անունը նշվել է որպես իր նկատմամբ բռնություն կիրառողի, մինչդեռ ոստիկանապետը բազմիցս նշել է, որ ինքը Վիրաբյանին չի ճանաչում եւ նրան խոշտանգումների չի ենթարկել։
Վճիռը բողոքարկելու համար Հայաստանին տրվել է 6 ամիս ժամկետ, սակայն Հայաստանը նախընտրել է փոխհատուցել 31000 եվրո՝25000 բարոյական վնասի, 6000՝ փաստաբանական ծախսերի համար։
Ըստ Վիրաբյանի՝ ոստիկանապետի մեղքը թաքցնելու համար Հայաստանը պետբյուջեից է այդ գումարները հատկացրել։
Այժմ, Վիրաբյանի խոսքով՝ գործը վերաբացվել է Եվրադատարանի եւ իր հետեւողականության շնորհիվ, ինքը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, այժմ գործը նախաքննական փուլում է, Բելգիայից Հայաստան է ժամանել դատաբժշկական փորձաքննություն անցնելու նպատակով։
«Ես հորդորում եմ քննիչներին հետեւողական լինել եւ պատժել մեղավորին, քանի որ չեմ ուզում՝ այլեւս Հայաստանի անունը չարչրկվի Եվրադատարանում»,-ասաց Վիրաբյանը՝ ավելացնելով, որ արդար դատաքննության հույս ունի։
Նշենք, որ 2004թ. Գ. Վիրաբյանը` որպես ՀԺԿ համակիր և Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, մասնակցել է հանրահավաքների, ինչի պատճառով նրան ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին են կանչել: Այստեղ, ըստ Վիրաբյանի, իրեն խոշտանգել են, փորձել ցուցմունքներ կորզել, ինչի հետևանքով նրան առողջական լուրջ վնաս է հասցվել, հեռացվել է օրգաններից մեկը:
Վիրաբյանը մի շարք հրապարակումներում պնդել է, որ իրեն խոշտանգող ոստիկաններից է եղել Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Նա դատախազությունից պահանջել էր քրեական գործ հարուցել իրեն խոշտանգելու համար, սակայն պահանջը մերժվել էր: Մերժումը հայաստանյան բոլոր ատյաններում բողոքարկվելուց հետո նա դիմել էր Եվրադատարան:
2012 թվականի հոկտեմբերի 2-ին Եվրադատարանի կողմից ընդունված վճռով հաստատվել է Գ. Վիրաբյանի հանդեպ խոշտանգումներ կատարելու, ինչպես նաև նրա անմեղության կանխավարկածի ու արդար դատաքննության իրավունքների խախտումը և որոշվել գործն ուղարկել վերաքննության: ՀՀ-ին պարտավորեցրել են Գ. Վիրաբյանին 31 հազար եվրոյի փոխահատուցում տալ` դատական ծախսերի և խախտված իրավունքների համար:





























