ԵՄ-ում նախագահող Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հայտարարությունը բավականին անորոշ է եւ պարունակում է անկոռեկտության տարրեր: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Ասելբորնի հայտարարությանը, թե Հայաստանի եւ Բելառուսի հետ համաձայնագրերի նոր տարբերակ է պատրաստվում: 

«Բավականին անկոռեկտ է Ասելբորնի համադրությունը, թե ինչու պետք է մեկ փաթեթում դրվի: Մի կողմից հնարավոր է, որ սա ոչ թե գործընթացի խնդիրն է, այլ արտահայտվողի: Մյուս կողմից էլ, քանի չի վավերացվել պայմանագիրը, Հայաստանի իշխանությունները, ընդդիմադիր ուժերը, քաղաքացիական նախաձեռնությունները պետք է ակտիվացնեն եվրոպական ուղղությամբ էական նախաձեռնողականությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ասելբորնը հայտարարել էր, որ առաջարկվող պայմանագիրն Ասոցացման մասին համաձայնագիր չէ, դա մեկ մակարդակով ավելի պակաս կլինի:

«Այդ համաձայնագրում մաքսային արտոնություններ չեն լինի: Այնտեղ շատ բան չի լինի, բայց հիմա մենք միայն մշակում ենք այն»,- ասել է նախարարը: