Ադրբեջանը փորձում է պահպանել հարաբերությունները եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Արեւմուտքի հետ, բայց իրականում երկու կողմերի հետ հարաբերություններ հաստատելու փորձերում էլ անհաջողություն է կրում։ Այս մասին սեպտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ «Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի» ղեկավար Կիրո Մանոյանը։

Անդրադառնալով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին հայտարարությունն արդյոք ավելի կառուցողական էր, նա ընդգծեց, որ Ուորլիքի հայտարարությունները այդքան կարեւոր նշանակություն չունեն։ «Նա ասաց, որ ռազմական տեխնիկայի կիրառումն անընդունելի է, եւ երկու կողմերն էլ նման տեխնիկա են օգտագործել։ Սակայն ընդհանուր առմամբ Արեւմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, դժգոհ են Ադրբեջանից։

Դա իրականում կապ ունի ոչ այնքան Հայաստանի եւ ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի դիրքորոշման, որքան Արեւմուտքի հանդեպ Ադրբեջանի ոչ կոռեկտ եւ սխալ քաղաքականության հետ»,- ընդգծել է Կիրո Մանոյանը։

Նա նշեց, որ միգուցե այդ երկրները հավուր պատշաճի չեն արձագանքում Հայաստանի եւ ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությանը, բայց դա չի նշանակում, որ համաձայն են դրա հետ։ «Չնայած առանց հակազդող գործողությունների, նրանք նպաստում են Ադրբեջանի քաղաքականության շարունակմանը»,- հավելեց Կիրո Մանոյանը։