Երևանի Մամիկոնյանց 40 հասցեում գտնվող «Ախթամար» խանութի տերերից այսօր` սեպտեմբերի 11–ին, պահանջել են  ստորագրել մի փաստաթուղթ, որով վերջինները պարտավորվում են հոսանքի դիմաց նոր՝ ավելի բարձր սակագնով վճարել:

«Տեսուչն էր եկել, ասաց՝ ուզես չուզես` վաղ թե ուշ ստորագրելու ես, ստորագրի, գնամ: Հրաժարվեցի ստորագրել, թղթերը թողեց, գնաց»,- NEWS.am–ի հետ զրույցում նշեց խանութի տնօրեն Սարգիս Սաքոյանը` հավելելով, որ ըստ այդ փաստաթղթի  հոսանքի նոր սակագինը ցերեկը կազմելու է 48 դրամ 78 լումա, գիշերը՝ 38 դրամ 78 լումա:

Սարգիս Սաքոյանը նշեց, որ թեև վարչապետը խոստացել էր մինչև աուդիտի անցկացումը սուբսիդավորել էլեկտրանէներգիայի թանկացումը նաեւ փոքր ու միջին ձեռնարկությունների համար, բայց ստացվում է, որ դա վերաբերում էր միայն բնակչությանը:

«Մեր խանութը մտնում է փոքր ձեռնարկությունների մեջ, բայց իմ ծախսը մեծ է, խանութում մի քանի սառնարան կա: Ձմռանն էլ ծախսերն ավելի են շատանում: Տեսուչն ինձ ասաց, որ երկուշաբթի ստորագրած լինի, գա տանի, սակայն ես պնդեցի, որ չեմ ստորագրելու, այլ այսօր երեկոյան ցույցի եմ գնալու»,- նշեց նա` ավելացնելով, որ իրենց խանութի շրջակա մի քանի խանութներ էլ են մտել, որոնցից ինչպես ինքն է նկատել, մի քանիսն արդեն ստորագրել են փաստաթուղթը:

Նշենք, որ կառավարության օգոստոսի 31–ի նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ կառավարությունը որոշել է սուբսիդավորել նաև ՓՄՁ-ների սպառած էլեկտրաէներգիայի սակագնի յոթ դրամը: