Հայաստանում պետք է հարմար հող ստեղծել կուսակցական մշակույթի ձեւավորման համար: Այդ մասին ՀՀ խորհրդարանի պետաիրավական հարցերով հանձնաժողովի քննարկումներում սեպտեմբերի 11-ին հայտնել է սահմանադրական բարեփոխումների հարցերով փորձագիտական հանձնաժողովի անդամ, բարեփոխումների գծով զեկուցող Վարդան Պողոսյանը:
Պատգամավորների այն դիտողությանը, որ Հայաստանը դեռ շատ հեռու է նման մշակույթից, Պողոսյանը առարկել է՝ ասելով, որ առանց առաջին քայլի ոչինչ չի ստացվի: Հակառակ դեպքում բարեփոխումը կարելի է տասնամյակներով հետաձգել:
«Կուսակցությունները, որպես պետական կառույցներ, ի վիճակի չեն զարգանալ առանց բարենպաստ մթնոլորտի: Իսկ խորհրդարանական համակարգը տալիս է նման հնարավորություն: Կուսակցությունները փրկիչներ չեն, բայց հասարակությունը դեռ չի ստեղծել ժողովրդի կամքն արտահայտելու ավելի լավ ինստիտուցիոնալ ձեւ»,- հայտարարել է Պողոսյանը:





























