Հանրապետության տարբեր մարզերում սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանահատվածում դպրոցականների զանգվածային թունավորման տասնյակ դեպքեր են գրանցվել: Թե որոնք են թունավորման պատճառները, դեռեւս մասնագետները պարզում են:
Առաջին դեպքը Հանրապետությունում գրանցվել է Արագածոտնի մարզում. սեպտեմբերի 9-ին Զարինջա գյուղում մոտ 4 տասնյակ դպրոցահասակ երեխաներ թունավորման ախտանիշներով դիմել են Թալինի հիվանդանոց: Բարեբախտաբար, թեթեւ սննդային թունավորում է եղել եւ երեխաներն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել են տուն:
Նույն օրը արդեն Շիրակի մարզի մի քանի գյուղերից նորից դպրոցահասակ երեխաներ դիմել են հիվանդանոց նույն ախտանիշներով: Վարկած կա, որ զանգվածային թունավորումների պատճառ կարող է լինել Զովասարից գյուղեր հասնող խմելու ջուրը: Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում բնակիչները նույնպես օգտվում են Զովասարի ջրից:
Զանգվածային թունավորման դեպքեր է գրանցվել նաեւ Արարատի մարզում. Բաղրամյան գյուղի 38 եւ Այգեզարդի 8 դպրոցականներ տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն: Թունավորման մասին տեղեկատվության տարածվելուց րոպեներ անց Բաղրամյանի գյուղապետը հայտնել է, որ նախնական տվյալներով երեխաները թունավորվել են դպրոցի ճաշարանի նրբերշիկից: Հիվանդանոց այցելած մեր թղթակցին թունավորված երեխաները պատմել են, թե «քաղցր հոթ-դոգ« են կերել դպրոցում: Ճաշարանի աշխատանքը հենց նույն օրը դադարեցվել է:
Արարատի մարզի Բաղրամյան եւ Շիրակի մարզի Ձիթնահքով գյուղերում դպրոցահասակ երեխաների թունավորումների դեպքերի առթիվ արդեն քրեական գործեր են հարուցվել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով:
Երեխաների թունավորումների պատճառները, ըստ շրջանառվող վարկածների, կամ խմելու ջրից է, կամ էլ դպրոցների «բուֆետ»-ների մատակարարած սնունդից:
Գաղտնիք չէ, որ դպրոցներում գործող ճաշարաններից ոչ բոլորն ունեն սառնարաններ՝ մթերքը պահպանելու համար: Հաճախ ականատես ենք լինում նաեւ, թե ինչ կասկածելի սնունդ է վաճառվում երեխաներին՝ էժան եւ անորակ:
Ինչ վերաբերում է ջրին, ապա հատկապես այս ամռանը շատ են բողոքները քաղաքացիներից, որ խմելու ջուրը չի ֆիլտրվում, ինչպես որ հարկն է, մաքուր չէ եւ հաճախ էլ կասկածելի համ ունի:
Պատկան մարմինները պետք է որ հետեւություններ անեն վերջին երեք օրերում տեղի ունեցած դեպքերից եւ ավելի ուշադիր լինեն: Չէ՞ որ զանգվածային թունավորումները, այն էլ երեխաների, կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել:





























