Քոբանիից սեպտեմբերի 2-ին Հայաստան տեղափոխված Թովմասյանների ընտանիքի բոլոր անդամներին տրվել է փախստականի կարգավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոսի Թովմասյանը՝ նշելով, որ Թովմասյաններն այժմ տուն վարձակալելու խնդիր ունեն:

«Մեզ բոլորիս փախստականի կարգավիճակ է տրվել, այժմ մեզ ամենաշատ հուզող խնդիրը տուն վարձակալելն է: Դեռ Սիլիկյան սոցիալական տանն ենք մնում, այստեղից դուրս կգանք, երբ տուն գտնենք: Երեխաներին դպրոց ուղարկելու հարցը կլուծենք, երբ տուն գտնենք, ուզում ենք, որ դպրոցը տան մոտ լինի»,-ասաց Սոսին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 2-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի աջակցությամբ Հայաստան է տեղափոխվել Սիրիայի Քոբանի գյուղից Թուրքիա փախած Թովմասյանների 17 հոգանոց ընտանիքը, այդ թվում 11 երեխա: Ընտանիքը ժամանակավորապես ապրում է Սիլիկյան սոցիալական տանը: