Մինչեւ հանրաքվեի դնելը՝ Սահմանադրության նոր նախագծում հնարավոր են նոր փոփոխություններ: NEWS.am-ի թղթակցին հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը:
«Բոլոր քննարկումները թե Ազգային ժողովում, թե դրանից դուրս, արվում են՝ նախագիծը բարելավելու համար: Այն բոլոր առաջարկությունները, որոնք կլինեն հիմնավորված եւ սկզբունքորեն չեն հակասի գաղափարախոսությանը, կդրվեն քննարկման: Որեւէ սահմանափակում չկա»,- ասաց Գագիկ Ղազինյանը:
Հանձնաժողովի անդամը կարծում է, որ Սահմանադրության նախագծում դեռեւս փոփոխություններ կլինեն:
Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժոցովը հրապարակել էր, թե իրենց ներկայացրած 4 հիմնական առաջարկություններն ինչ չափով են ընդունվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից:
Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու լինելու սահմանափակումների վերացման մասով /հոդված 47, մաս 2/ նստակեցության ցենզը իջեցվել է 5-ից 4 տարվա, ինչը բարելավում է: Սակայն երկքաղաքացիների համար ԱԺ պատգամավոր ընտրվելու արգելքը, այնուամենայնիվ, չի հանվել:
• Հոդված 89-ը այլևս չի նախատեսում, որ ընտրությունների երկրորդ փուլը պարտադիր պետք է անցկացվի, այլ սահմանում է, որ կարող է անցկացվել: Ավելին, հոդված 89-ը հանվել է 201-րդ հոդվածով նախատեսված այն սահմանադրական նորմերի շարքից, որոնք ենթակա են փոփոխության միայն հանրաքվեով: Այս մասով Նախնական կարծիքում արված առաջարկին հետևել են, ինչը ողջունվում է:
• Հոդված 105-ից հանվել է ուղղակի արգելքը ԱԺ լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում նոր խմբակցությունների ստեղծելու վերաբերյալ, ինչը բարելավում է, չնայած այն բանին, որ նոր խմբակցություններ ստեղծելու հնարավորությունը մնում է սահմանափակ:
• ԱԺ դերը վճռաբեկ դատարանի պալատների նախագահների նշանակման հարցում պատշաճորեն հանվել է: Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությանը, պահանջվող մեծամասնությունը այժմ բարձրացվել է երեք հինգերորդի, ինչը բարելավում է:





























