Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է բարդ լինել, եւ այդ հարցում շտապել պետք չէ։ Այս մասին սեպտեմբերի 12-ին ՀՀ խորհրդարանում լրագրողներին հայտարարել է Բրյուսելի ֆրանկոֆոնյան խորհրդարանի ղեկավար Ժյուլի դե Գրոտը։

Նշենք, որ 4 բելգիացի պատգամավորներ՝ Դե Գրոտը, Անդրե դե Բյուսը, Սիմոնա Զյուսքինդը եւ Էրվե Դուայենը, մամուլի ասուլիսին ներկայացել են անմոռուկով կրծքանշանով։

Պատգամավորներն ընդգծել են, որ դրանք կկրեն ամեն անգամ, երբ Հայաստան այցելեն։ Նրանք այդ նշանը կրում են նաեւ Բելգիայում ապրիլի 24-ին՝ Բրյուսելի խորհրդարանում լռության րոպեի եւ այլ կարեւոր միջոցառումների ժամանակ։

«Բելգիայում, այդ թվում՝ Բրյուսելում, կա թուրքական համայնք, որը մեր մայրաքաղաքի խորհրդարանում ունի իր ներկայացուցիչները։ Այդ դեպքում արժի՞ արդյոք նիստերին ներկայանալ այս կրծքանշանով՝ այսքան խորհրդանշական եւ այսքան կարեւոր։ Ես կասեի՝ այո։ Դրանով իսկ բարեհաջող փակել հարցը եւ հաճելի բան անել հայերի համար, այդ թվում նրանց, ովքեր մեզ հրավիրել են։ Սակայն հարցն ավելի բարդ է։ Մեր նպատակն է մեր հասարակության մեջ տարածել Հայոց ցեղասպանության հիշատակը, եւ պետք է մտածենք, թե ինչպես դա ավելի լավ անենք»,- հայտարարել է Դե Գրոտը։