«Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնի աշխատակից Նելլի Հարությունյանի անհետացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վերաորակվել է:

NEWS.am-ը Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քննության արդյունքները քննարկվել են, եւ արարքը վերաորակվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորյալ սպանություն):

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Նելլի Հարությունյանը նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, դուրս է եկել Երեւան քաղաքի Խորենացի 24 հասցեում գործող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊ ընկերության ոսկու տոնավաճառից, որից հետո նրանից որեւէ տեղեկություն չկա:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքասպանության հասցնելը):

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում Ն.Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Ն.Հարությունյանի ընտանիքի անդամները, շուրջ մեկ տասնյակից ավելի վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: