Այսօր՝ սեպտեմբերի 14-ին Մեռելոց է եւ ոչ աշխատանքային օր:

Երեկ Հայ առաքելական եկեղեցին նշել է հինգ տաղավար տոներից մեկը՝ Խաչվերացը: Այն Սուրբ Խաչին նվիրված չորս տոներից մեծագույնն է:

Հայ Եկեղեցու ծիսակարգով տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Մեռելոց հիշատակի Ս. Պատարագ:

2015թ. հուլիսի 30-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել 2015 թվականի սեպտեմբերի 19-ը` շաբաթ օրը:

Խաչվերացը Խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին: Հայ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ը հանդիպող կիրակի: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: