Սեպտեմբերի 11-ին Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում 40 երեխա թունավորման պատճառով բացակայել է դպրոցից, սակայն դպրոցում ուսումնական պրոցեսը չի դադարեցվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զարինջայի գյուղապետ Սեւադա Մանուկյանը:

«Գյուղ են այցելել գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, սանիպետկայանից մասնագետներ, մարզպետարանից, բոլոր թունավորվածներին մեկ առ մեկ այցելել ենք, ստուգել են նրանց առողջական վիճակը եւ անվճար դեղորայք է տրամադրվել»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ բոլոր թունավորվածների վիճակը թեթեւ է, եւ նրանք չեն հոսպիտալացվել:

Գյուղապետի խոսքով՝ թունավորման պատճառները դեռ հայտնի չեն, ջրից եւ սննդից փորձանմուշներ են վերցրել եւ ուղարկել են փորձաքննության:

Հիշեցնենք, որ Հանրապետության տարբեր մարզերում սեպտեմբերի 9-11-ը զանգվածային թունավորման տասնյակ դեպքեր են գրանցվել: Ընթանում է քննություն՝ պարզելու թունավորման պատճառները: Շիրակի եւ Արարատի մարզերում թունավորման դեպքերով արդեն քրեական գործ կա հարուցված: